Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Քյոլնում հանդիպելով տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին, պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հնարավոր փոխզիջումների մասին հարցին:

Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետը, մասնավորապես, ասել է. «Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ՝ ինչու են մեզ բոլորը հարցնում՝ պատրաստ ենք փոխզիջումների, թե ոչ: Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք: Ինչո՞ւ որևէ մեկն Ադրբեջանին չի հարցնում՝ նրանք փոխզիջումների պատրաստ են, թե ոչ: Եվ հետևաբար ես մի քանի անգամ ասել եմ հրապարակային, որ մենք այդ հարցին չենք պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չի պատասխանել»:

Վարչապետն անդրադարձել է նաև սոցիալական ցանցերում և մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվող այն տեղեկություններին, թե իբր ԼՂ խնդրի կարգավորման հարցում Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում: «Ես մի օր հրավիրել եմ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին և հարցրել՝ կարո՞ղ է մեզ վրա ճնշում են գործադրում, և մենք գլխի չենք ընկել: Որովհետև այնպիսի տպավորություն է, որ Արցախի խնդրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանում ամենաչտեղեկացված մարդիկ մենք ենք՝ ես, ապա պարոն արտգործնախարարը»,- կատակել է Փաշինյանը՝ հերքելով նմանօրինակ լուրերի իսկությունը: