Չինաստանը ԵԱՏՄ-ի համար ստրատեգիական գործընկեր է: Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուս-չինական առևտրատնտեսական համագործակցության կենտրոնի ղեկավար Սերգեյ Սանակոևը: Նա նշեց, որ Չինաստանը աշխարհաքաղաքական ներկայիս դասավորվածության համատեքստում եվրասիական տարածքի համար բարեկամ է, իսկ աշխարհաքաղաքական ներկայիս դասավորվածությունը ճաքեր է տալիս, արևմտյան երկրները, կառույցները, որոնք տարիներ շարունակ օրակարգ են թելադրել, այլևս թուլացել են: Նա ասաց, որ թեև ԵԱՏՄ երկրները չունեն ընդհանուր բաղադրատոմս, թե ինչպես համագործակցեն Չինաստանի հետ, բայց հույս հայտնեց, որ տարիների ընթացքում տեսլականները կձևավորվեն:

— Երեկ հայտնի դարձավ, որ ռուսական «Գազպրոմի» և China Development Bank-ի միջև ընթացող բանակցությունները տապալվել են: Կողմերը համաձայնության չեն եկել և ակնկալվող ներդրումները, որոնք պետք է ուղղվեին Ռուսաստանում գազի վերամշակման հարթակ կառուցելու համար, չեն փոխանցվի: ԵԱՏՄ երկրների համար սա ինչպիսի՞ կորուստ է: Արդյոք սա չի՞ ազդի ԵԱՏՄ-Չինաստան համագործակցության վրա:

-Չինաստանի հետ մեր համագործակցությունն առանցքային է: Որևէ ընկերություն իր պահվածքով չի կարող փչացնել այդ հարաբերությունները՝ լինի դա ռուսական կողմից, թե չինական: Չինաստանը ԵԱՏՄ երկրների համար երկրորդ խոշոր գործընկերն է արտաքին տնտեսական համագործակցության ոլորտում: 2014թ., երբ համագործակցության մասին համաձայնագիրը դեռ չէր ստորագրվել, Չինաստանի հետ գրանցվել էր 78.7 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն: Նորմալ է, որ բանակցությունները արդյունք չեն տվել, բայց սա ամենևին չի ազդի մեր համագործակցության վրա: Կարելի է բանակցել նորից, գտնել կոմպրոմիսներ:

— Բավարարվա՞ծ եք ԵԱՏՄ-Չինաստան համագործակցությամբ:

— Չինաստանը ԵԱՏՄ-ի համար ստրատեգիական գործընկեր է: Չինաստանը աշխարհաքաղաքական ներկայիս դասավորվածության համատեքստում մեզ համար բարեկամ է: Իսկ աշխարհաքաղաքական ներկայիս դասավորվածությունը ճաքեր է տալիս, արևմտյան երկրները, կառույցները, որոնք տարիներ շարունակ օրակարգ են թելադրել, այլևս թուլացել են: Նայեք, թե ինչ է կատարվում Վենեսուելայում: Չկա որևէ միջազգային իրավունք, գոյություն չունի կարգ ու կանոն: Այս միջազգային ժանդարմը փաթաթում է աշխարհի պարանոցին իր տեսլականը:

Չինաստանը ԵԱՏՄ-ի, Ռուսաստանի հետ շատ հարցերում նույն կերպ է մտածում: Մենք չենք գործում որևէ մեկի շահերի հաշվին: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը նոր միջազգային տնտեսական միջանցք ստեղծելու համար է, որը կստեղծի խաղի նոր կանոններ, ավելի հասկանալի ու ավելի ընդունելի կանոններ:

Հայաստանը, Ռուսաստանը և այն պետությունները, որոնք Խորհրդային Միության անդամ էին, ստեղծեցին Եվրասիական տնտեսական միությունը: 2015 թ., երբ Չինաստանն ու ԵԱՏՄ-ն ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր, ազդարարվեց տնտեսական նոր ուղի: Ներդաշնակեցվեցին կանոնները, ինչը շատ կարևոր է ուղու ձևավորման համար:

— ԵԱՏՄ համագործակցությունը երրորդ երկրների հետ արհեստական չէ՞: Տեսակետներ կան, որ Միությունն անդամակցում է Չինաստանի, Իրանի կամ Հնդկաստանի հետ՝ ցույց տալու համար, որ իզոլացված չէ:

— Համաձայն չեմ, սա ոչ մի պարագայում արհեստական չէ, որովհետև համագործակցությունը արդյունավետ է, արդյունքները տեսանելի են և այսօր էլ կարելի է ասել, որ այս համագործակցությունների արդյունքում մենք «փրկվում ենք» քաոսային իրավիճակում հայտնվելուց: ԱՄՆ-ն չի կարող պայքարել երկու ճակատով, նրանք բավարարվում են միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ: Իսկ երրորդ երկրների հետ մեր համագործակցությունը կենսական նշանակության է:

Ես կտրականապես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ Ռուսաստանը կարող է իզոլացվել: Դա ծիծաղելի է: Ինչպե՞ս կարող ենք մենք իզոլացվել, երբ շրջապատված ենք այսքան բարեկամ երկրներով, որոնցից մեկը Հայաստանն է: Մենք մեծամասնություն ենք: Ուստի ԵԱՏՄ-Չինաստան համագործակցությունը ստրատեգիական նշանակություն ունի, դա կանաչ լույս է դեպի լուսավոր ապագա, որտեղ մեր երեխաները կապրեն ավելի լավ:

— Պարոն Սոնակոև, բայց արդյոք բացի Ռուսաստանից ԵԱՏՄ անդամ մյուս երկրները, այդ թվում՝ Հայաստանը, զգո՞ւմ են Չինաստանի կամ Հնդկաստանի հետ համագործակցության արդյունքները:

— Հայաստանը աշխարհագրորեն դժվարանում է համագործակցել: Դա հասկանալի է, որովհետև չկա ցամաքային սահման: Բայց Հյուսիս-Հարավ ավտոճանապարհը, որը Հայաստանը կապում է Իրանի հետ, արդեն իսկ ցույց է տալիս իր արդյունքները: Հիմա քննարկվում է Հարավային Օսիայով այլընտրանքային ճանապարհներ բացելու հարցը, որը թույլ կտա շրջանցել Վերին Լարսը: Նման միջանցքները արդյունավետ են, և վստահ եմ, որ Հայաստանը կգտնի իր պոզիտիվ դերը միջազգային տնտեսական կյանքում: