Մեկ անգամ չէ, որ զորացրված սպաները տարբեր բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության շենքի մոտ. ընդ որում՝ թե՛ նախորդ իշխանությունների օրոք, թե՛ ներկայիս: Խոսքը բնակարանային ապահովվածության խնդիրներին է վերաբերում: Ըստ նրանց, այսօր մեր երկրում շուրջ 4 000 զորացրված սպա, որից 1000–ը՝ զինթոշակառու, մնացել է անօթևան, մի մասը վարձով է ապրում, ոմանք՝ դոմիկներում, մի քանիսը՝ հարևան–բարեկամի տներում, ով ոնց կարողացել է:

Հարցի վերջնական լուծում չեն համարում նաև կառավարության որոշումը՝ 1141 զորացրված սպաներից յուրաքանչյուրին միջինը 5 մլն դրամի վկայագիր տալու մասին, որը պետք է օգտագործվի բնակտարածք գնելու համար: Մեր տեղեկություններով, բողոքի ակցիաները շարունակվելու են: Սակայն ուշագրավ է, որ ոմանք այս մարդկանց խնդիրների հաշվին փորձում են դիվիդենտներ շահել: Մասնավորաբար, մեր աղբյուրների պնդմամբ, զինթոշակառու սպաների խմբին Բանակի օրվա կապակցությամբ «Հաղթանակ» զբոսայգում հանդիպման է հրավիրել Վահան Շիրխանյանը: Հանդիպումը, որպես այդպիսին, կարելի է ասել, չի կայացել, քանի որ մասնակիցները, ի հիասթափություն Շիրխանյանի, մի քանիսն են եղել: Մեզ հետ զրույցում հրավիրված, սակայն զբոսայգի չգնացած սպաներից մեկն ասաց, թե մեծ մասը չի մասնակցել, քանզի կասկածներ ունեն, որ ոմանք փորձում են իրենց ձեռքերով կրակից «քաղաքական շագանակներ» հանել…